ՌԴ-ում բավարար գումար չկա բարեփոխումների համար, եթե անգամ վաճառեն ողջ նավթը. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ելույթ ունենալով ՌԴ Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես-դպրոցում, որի հիմնադիրն ու առաջին նախագահն է, իր մտորումներն է ներկայացրել Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասին:
«Մեզ մի քանի կարևոր մարտահրավերներ են սպասվում, որոնց մենք` որպես պետություն, պետք է պատասխանենք: Առաջինը դեմոգրաֆիկ բնույթի է. մեր ներքին շուկան փոքր է, և մենք անխուսափելիորեն պետք է կա՛մ դառնանք համաշխարհային տնտեսության մի մասը, կա՛մ նման շուկայի մեկուսացումը կբերի մեծ ռիսկերի:
Երկրորդը սերնդափոխությունն է: Մեզ սպասվում է քաղաքական և տնտեսական էլիտայի լուրջ սերնդափոխություն: Երրորդ լրջագույն մարտահրավերն այն է, որ մեզ մեծ ծավալի գումար է անհրաժեշտ. մենք երկրում չունենք ներքին ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են բարեփոխումներ և ներդնումներ անելու համար: Մենք պետք է մեծ թվով գումարներ և մարդկանց գրավենք մեր երկիր: Մենք չունենք այլ տարբերակ, քանի որ չունենք ներքին ռեսուրսներ: Եթե անգամ վաճառենք ողջ նավթը և ամբողջ մնացած գազը, ջուրը և անգամ անտառները», - ասել է հայազգի գործարարը:
«Չորրորդ մարտահրավերը կապված է բիզնեսի վերակառուցման հետ, որպեսզի կարողանանք գումարային հոսքերը տեղափոխել իրական բիզնես ոլորտ: Այլապես՝ արդյունավետ ապագա չենք ունենա, իսկ արդյունավետությունն ու մրցունակությունը կարևորագույն մարտահրավերն են մեզ համար», - եզրափակել է Վարդանյանը:










