ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան մոտակայքում գրոհայինների ականանետը (տեսանյութ)

16:28 • 21.09.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որը վկայում է սիրիական Հալեպ քաղաքի շրջանում մարդասիրական օգնությամբ ՄԱԿ-ի ավտոշարասյան անմիջական հարևանությամբ գրոհայինների ներկայության մասին, գրում է lenta.ru-ն:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարների կողքով շարժվում իրեն ամրացված ականանետով մեքենա: Ռուս զինվորականների տեղեկություններով՝ այն պատկանում է ծայրահեղականներին:

 

ՄԱԿ-ի և «Կարմիր մահիկի» սիրիական կազմակերպության մարդասիրական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Հալեպի շրջանում լույս սեպտեմբերի 20-ին: Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնում հայտարարել են, որ շարասյանը հարվածել են օդից: Հարձակման զոհ է դարձել 12 մարդ՝ հիմնականում բեռնատարների վարորդները և կազմակերպությունների աշխատակիցները:

 

Վաշինգտոնը տեղի ունեցածի համար մեղադրել է Մոսկվային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հերքել են բոլոր մեղադրանքները՝ ենթադրելով, որ շարասյան վրա հարձակման մեջ ներգրավված են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: