Ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանին մեղադրել են Հալեպի մոտ մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման համար

10:20 • 21.09.16

Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել են, որ սիրիական Հալեպ քաղաքի մոտակայքում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա իրականացված հարձակման հետևում կանգնած են ռուսական Սու-24 ինքնաթիռները:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, պաշտոնյաներն իրենց պնդման համար հիմք են ընդունել հետախուզական տվյալները: Ըստ ամերիկյան կողմի` 2 Սու-24 ինքնաթիռ հենց այն պահին են թռչել ավտոշարասյան վրայով, երբ իրականացվել է ռմբակոծությունը: Այս փաստը ստիպում է ենթադրել, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը:

 

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Ռուսաստանին պատասխանատու է համարում հումանիտար ողբերգության համար: Միևնույն ժամանակ, Ռոդսն իր խոսքում բաց տեքստով չի ասել, որ հարձակումն իրագործել են ռուսական ինքնաթիռները:

 

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան չի ընդունում իր դեմ ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել ցամաքից:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 19-ին ռուսական կամ սիրիական ինքնաթիռները հարված են հասցրել Հալեպի մոտակայքում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյանը: Այդ մասին հայտնել են դիտորդները՝ այն բանից հետո, երբ սիրիացի զինվորականները հայտարարել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի ավարտի մասին:

 

ՄԱԿ-ը հաստատել է, որ ավտոշարասյանը հարված է հասցվել, բայց չի բացահայտել մանրամասներ այն մասին, թե ով է իրականացրել հարձակումը և չի հայտնել զոհերի մասին: Սակայն  իրավապաշտպանների տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 12 մարդ: