Արծվիկ Մինասյանը վաղը կխոսի իր հեռացման մասին
Մամուլի տեղեկություններով՝ էկոնոմիկայի նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը թողնում է նախարարի պաշտոնը և արդեն հավաքել է իրերը, քանի որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում նրան վստահել տնտեսության ոլորտը: Նույն տեղեկություններով՝ Արծվիկ Մինասյանը կդառնա բնապահպանության նախարար:
Tert.am-ի հարցին`ճի՞շտ է, որ ինքը տեղափոխվում է բնապահպանության նախարարություն և թողնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Արծվիկ Մինասյանն այսօր հետևյալ պատասխանը տվեց. «Որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար՝ ես վաղը ժամը 11-ին մամուլի ասուլիս եմ հրավիրում ու կպատասխանեմ բոլոր հարցերին»:
Իսկ այսօր մեր մյուս հարցերին Արծվիկ Մինասյանը հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում Արծվիկ Մինասյանն առարկեց վարչապետի կատարած փոփոխությանը, որով էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: «Դե, բնականաբար, որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ինձ ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, առավել ևս, որ ես էկոնոմիկան պատկերացնում եմ ավելի լայն, քան ներդրումներն են կամ ձեռնարկատիրությանն աջակցությունը: Ահա, թե ինչու, ընդունելով հանդերձ Ձեր կողմից կատարված շեշտադրումը, որ ներդրումներն ու ձեռնարկատիրությանն աջակցությունը պետք է առանձին ուղղություն լինեն, ինձ մտահոգում են մի քանի հարցեր, որոնք այսօր էկոնոմիկայի նախարարության տիրույթում են, բայց անվանման մեջ դրանք չեն երևում: Մասնավորապես` առևտրի հատվածը, արտաքին առևտուրը, որը ներդրումների հետ համարվում է մեր երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը: Գուցե այն այլ նախարարություն է գնալու կամ մնալու է, կխնդրեի, որ անվանման մեջ այդ շեշտադրումը լինի»,- ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց, որ «էկոնոմիկա» բառն է ընդամենը հանվում նախարարության անվանումից, սակայն գործառույթը մնում է: «Մենք ընդամենը ակցենտն ենք փոխում, որ ներդրողը հասկանա` ինչ հասցեով պետք է դիմի: Որ ասում եք ` անվանման մեջ չկա «առևտուր» բառը, բայց էկոնոմիկայի նախարարության մեջ էլ չկա առևտուր բառը, ձեր նախարարությունը զբաղվում էր, չէ՞, առևտրով: Ինչ վերաբերում է կոմիտեներին, ապա զբոսաշրջության կոմիտեն թող աշխատի, արդյունք տա: Երբ ընդունվի կառավարության ծրագիրը, մենք հաշվի կառնենք կառուցվածքային հարցերը»,- ասաց վարչապետը:










