Նախագահը նկատի է ունեցել Հայաստանում ապրող սիրիահայերի խնդիրը, որոնց փախստականի կարգավիճակ պետք է տրվի․Վազգեն Մեսրոպյան
Մեզ էլ զարմացրեց Հայաստանի նախագահի հայտարարությունը․ Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Բիշքեկում ԱՊՀ վեհաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որով նա նշել էր, որ քննարկվում են Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելման գործընթացում, այս մասին ասաց ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
«Նախագահը նկատի է ունեցել Հայաստանում ապրող սիրիահայերի խնդիրը, որոնց փախստականի կարգավիճակ պետք է տրվի, իսկ Սիրիայում ապրող հայերի համար, որոնք ի վիճակի չեն այստեղ՝ Հայաստան գալու, նկատի է ունեցել, որ կարողանան այնպես անել, որ գան Հայաստան»,- ասաց նա:
Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ, քանի որ նախագահը բացահայտ հայտարարեց սիրիահայերի մասին և գոհունակության արժանացավ բոլորի կողմից, ապա, եթե անգամ այդ գործընթացն անգամ սկսված չէ, կսկսեն շուտով, որպեսզի Հայաստանում ապրող հայերին փախստականի կարգավիճակ տրվի:
«Սկսելն էլ երևի կախված է այստեղի սիրիահայերի միությունների կողմից գործընթացը սկսելով, պետք է դիմեն կառավարություն դրա համար»,-ասաց Վազգեն Մեսրոպյանը՝ նշելով, որ, հավանաբար, երկրի ղեկավարությունն այս գործընթացը կազմակերպելու համար պետք է համագործակցի այդ միությունների հետ:
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության Հիմնադիր նախագահ Անի Բալխյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ նախագահի՝ Բիշկեքում արած հայտարարությունից: «Այստեղ ապրող սիրիահայերի մեծամասնությունն արդեն Հայաստանի քաղաքացիություն ունի, այնպես որ չգիտենք, թե ինչ է ակնարկել նախագահը»,- ասաց Անի Բալխյանը:










