ՄԱԿ-ն այսօր մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Դամասկոսի մոտակայքում գտնվող պաշարված շրջաններ
ՄԱԿ-ը հինգշաբթի մարդասիրական օգնությամբ շարասյուն կուղարկի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող պաշարված շրջաններ՝ այդ երկրի տարածքում ավտոշարասյան վրա իրականացված հարձակմանը հաջորդած մատակարարումների դադարեցումից հետո: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է մարդասիրական հարցերի համակարգման հարցերով ՄԱԿ-ի վարչության մամուլի քարտուղար Յենս Լերկեն:
«Այսօր մենք ուղարկում ենք միջգերատեսչական շարասյուն, որը կհատի հակամարտության սահմանները՝ Դամասկոսի արվարձանում գտնվող պաշարված շրջան հասնելու համար: Մենք կհայտնենք հստակ գտնվելու վայրը, երբ շարասյունը փաստացիորեն հասնի այդ վայրեր»,- հայտնել է Լերկեն:
Նա նաև հավելել է, որ «հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերսկսել մատակարարումները Հալեպ և Սիրիայի այլ շրջաններ»:
ՄԱԿ-ի համաձայն՝ օրերս օդային հարվածների են ենթարկվել ավտոշարասյան 31 բեռնատարներից 18-ը: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ:
Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Լերկեն հայտնել էր, որ օգնության մատակարարումները ժամանակավորապես դադարեցված կմնան այնքան, մինչև Սիրիայում անվտանգության իրավիճակի վերանայումը:










