Համաներումը բանտերի գերբնակեցումը նվազեցնելու միջոցներից մեկն է. փորձագետը հնարավոր համաներման մասին
Քրեական արդարության փորձագետ Արշակ Գասպարյանն այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներմանը, նկատեց, որ ցավալիորեն Հայաստանում համաներումը մնում է միակ միջոցը, որ մարդիկ փոքր և միջին ծանրության հանցագործության համար պատժի մի մասը կրելուց հետո վերադառնան հասարակություն:
Ըստ փորձագետի՝ համաներումը բանտերի գերբնակեցումը նվազեցնելու միջոցներից մեկն է: «Ազատազրկման մեջ գտնվող անձին հասարակություն վերադարձնելու միջոց է, որովհետև անարդյունավետ է գործում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, խիստ անարդյունավետ է գործում պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինման ինստիտուտն ու ավելի փոքր ինստիտուտներն՝ ինչպիսիք են մեկուսացվածության տարբեր աստիճաններ ունեցող ՔԿՀ-ներ, գոնե խցային տիպից ոչ խցային տիպի մեկուսարաններ տեղափոխմանները»,-ասաց նա:
Փորձագետը նշեց, որ միաժամանակ՝ համաներումը չի դիտարկում, թե անձը պատրաստ է վերադառնալ հասարակություն, ուղղակի ներվում է արարքը։ Ըստ այդմ էլ նա նկատեց, որ համաներման կիրառումից որոշ ժամանակ անց կարող ենք ունենալ մարդանց մի խումբ, որը կվերադառնա հասարակություն և արագ կվերադառնա կրկին բանտ:
Ի դեպ, Արշակ Գասպարյանը չբացառեց համաներման քաղաքական ենթատեքստը, որը կիրառվում է, քանի որ հասարակությունն սպասում է այս միջոցով ազատ արձակված տեսնել այն մարդկանց, որոնք բանտերում են քաղաքական հայացքներից ելնելով:
Ըստ փորձագետի՝ վերջին անգամ ՀՀ-ում համաներում կիրառվել է 2012թ-ին, որն ուղղված է եղել ոչ մեծ ու միջին ծանրության հանցանք կատարողներին պատժից ազատելուն, այսինքն՝ ովքեր արարք են գործել, որի համար քրեական օրենսգիրքը, նախատեսում է, ոչ ավել քանի 5 տարի պատժաչափը:










