Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին

15:36 • 22.09.16

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին:

Ինչպես հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարևորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայերը, լինելով ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, խորին հարգանք են տածում հրեա ժողովրդի՝ ողջակիզման ենթարկված զավակների հիշատակի նկատմամբ:

«Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, վստահ ենք, որ կկարողանանք վերականգնել ոչ միայն պատմական արդարությունը, այլև հնարավորինս բացառել այդօրինակ հանցագործությունների կրկնությունը», - ասել է Գալուստ Սահակյանը: Այս համատեքստում Աժ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդն ակնկալում է Իսրայելի ծանրակշիռ արձագանքն ու ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Թալի Պլոսկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու պետություններն ունեն պատմական ընդհանրություններ: Նա շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Թալի Պլոսկովը ևս կարևորել է համարել միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում:

Զրուցակիցները կարևորել են համատեղ տնտեսական համաժողովների անցկացումն ու հանդիպումների ակտիվացումը: