Ամերիկյան քաղաքում անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է մտցվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի նահանգապետ Պատրիկ Մակրորին Շարլոթ քաղաքում տեղի ունեցող անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է սահմանել, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ անկարգությունները հրահրվել են ոստիկանների կողմից սևամորթ բնակիչ Քեյթ Լամոնթ Սքոթի սպանությամբ: Անկարգությունները դադարեցնելու նպատակով դեպքի վայր են ուղղվել ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը:
Կայքը գրում է, որ ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ գիշերը: Սեպտեմբերի 21-ի երեկոյան ցույցը խաղաղ է սկսվել, սակայն այն բանից հետո, երբ քաղաքացիներից մեկը լուրջ վնասվածք է ստացել (որոշ տվյալներով` մահացու), ցուցարարները սկսել են ոստիկանների վրա շշեր ու հրավառ նյութեր նետել: Որոշ ցուցարարներ հարձակվել են լրագրողների վրա, պատուհաններ են կոտրել ու հրկիզումներ իրականացրել: Ոստիկաններն ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ:
Ոստիկանության տեղական բաժինը Twitter-ում հայտնել է, որ այսօրվա անկարգությունների ընթացքում չորս իրավապահ վնասվածք է ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ոստիկանները գնդակահարել են Քեյթ Լամոնթ Սքոթին: Զեկույցի համաձայն` տղամարդը զենքով դուրս է եղել ավտոմեքենայից ու նորից նստել ավտոմեքենան, ինչով և գրավել է ոստիկանների ուշադրությունը: Այն բանից հետո, երբ զինված Սքոթը կրկին դուրս է եկել ավտոմեքենայից, ոստիկանը կրակ է բացել նրա վրա, և նա մահացել է հիվանդանոցում:
Քեյթ Լամոնթ Սքոթի բարեկամները պնդում են, որ իրականում նրա ձեռքին գիրք է եղել, այլ ոչ թե զենք: Ընդ որում՝ WCNC հեռուստաալիքն ականատեսի արած տեսագրության սքրինշոթն է հրապարակել, որում վիրավոր Սքոթի ոտքերի մոտ ատրճանակ է երևում:















