ԱՄՆ-ն ՔԱԿ-ը դիտարկում է որպես ահաբեկչական կառույց. Բայդենը՝ Էրդողանին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում, ուր երկուսն էլ մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին:
Կողմերը հանդիպել են երկու երկրների պատվիրակությունների ամբողջական կազմով, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում և Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի սկսած ռազմական գործողություններն ու Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումների սաստկացումը:
Ջո Բայդենը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ն «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը դիտարկում է որպես ահաբեկչական կառույց և դատապարտում նրանց` Թուրքիայի տարածքում իրականացրած գործողությունները, որոնց հետևանքով տուժում են խաղաղ բնակիչներ:
Նշենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։










