Լեեր քաղաքում Էրեբունի -Երևանի տոնը կնշեն Երևան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նստարանների տեղադրմամբ
Գերմանիայում կնշեն Էրեբունի-Երևանի տոնը. այն հոկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14-ին Գերմանիայի Լեեր քաղաքում կնշանավորվի Հայկական պուրակի բացման հանդիսավոր արարողությամբ, որտեղ Եվրոպայում առաջին անգամ կտեղադրվեն Երևանի հետ բարեկամությունը խորհրդանշող նստարաններ:
Դրանք գերմանական քաղաքին են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու գերմանահայ Ալբերտ Թովմասյանը, որն էլ Tert.am-ին տեղեկացրեց միջոցառման անցկացման մասին:
Ներքին Սաքսոնիա նահանգի Օստֆրիցլանդ մարզի փոքրիկ այս քաղաքն ի դեմս միակ հայ Թովմասյան ընտանիքի 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին քաղաքի Ինզելգարդեն այգում, որը հայտնի է Կղզու այգի անվամբ, տեղադրել էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքար:
Տարոն Մարգարյանի ու գերմանահայ Ալբերտ Թովմասյանի կողմից քաղաքին նվիրած նստարանները կտեղադրվեն հենց այդ խաչքարի հարևանությամբ:
Երկու նստարան էլ կտեղադրվի Լեերի քաղաքապետարանի բակում: Պուրակի բացման արարողությունը նախատեսված է նաև տոնախմբություն, ազգագրական համույթների կատարումներ:










