Է. Մարուքյանը քաղաքական շանտաժ է որակում Նախագահի դեմ իմպիչմենտ սկսելու Ն. Փաշինյանի պայմանը, բայց պատրաստ է համագործակցել

16:12 • 22.09.16

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում շանտաժ է որակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի պայմանը՝ Վանաձորում ԼՀ-ին սատարելու համար, բայց ընդունում է համագործակցության առաջարկը: 

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ:

Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, hուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը:

Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները:

ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց և այդ գործընթացի առաջամարտիկը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է:

Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է, ապա առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից):

Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: 

Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների և թիմերի միջև»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ արձագանքել էր Էդմոն Մարուքյանի կոչին՝ առաջ քաշելով հետևյալ պայմանը. «Վերահաստատում ենք Վանաձորի ընտրապայքարից հօգուտ ԼՀ-ի դուրս գալու մեր պատրաստակամությունը, եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից և որպես դրան ուղղված քայլ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ:

Ինքնաբացարկի, այսպիսով նաև իմպիչմենտի նախագծի ներկայացման ժամկետը լրանում է այսօր ժամը 18.00-ին»: