Սա ամենամեծ նվերն է Անկախության տոնին. մի քանի օրվա ընթացքում «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվեցին 2 եռյակ  և 3 երկվորյակ

10:58 • 22.09.16

«Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և  «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ եռյակ է լույս աշխարհ եկել` երկու տղա և մեկ աղջիկ:

13 տարվա անպտղությունից հետո այսօր երջանիկ ծնողներն իրենց ամենաերջանիկն են համարում: Բազմաթիվ օժանդակ տեխնոլոգիաների միջոցների կիրառումից հետո ևս մեկ արտամարմնային բեղմնավորման փորձ կատարվելուց հետո տեղի ունեցավ երկար սպասված հղիությունը: Եռյակները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով` մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի օգնությամբ:

 Փոքրիկների նեոնատոլոգ Հակոբ Մելքումյանի խոսքով վաղ նորածնային շրջանում երեխաներից երկուսի մոտ խնդիրներ էին զարգացել, սակայն  բժշկական կենտրոնի  պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և ժամանակակից սարքավորումների, տեխնիկական հագեցվածության հնարավորությունները թույլ են տալիս ժամանակին կանխելու նմանատիպ խնդիրները: 

Այսօր երեխաները գտնվում են բավարար վիճակում, կերակրվում են իրենց օրական ֆիզիոլոգիական պահանջների չափով, բուժման կարիք այլևս չունեն  և պատրաստ են մայրական խնամքին:  

«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակներ, երկվորյակներ շատ հաճախ են ծնվում, միջին վիճակագրությամբ   «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում տարվա կտրվածքով գրանցվել  է 10 բազմապտուղ ծննդաբերություն:  

Իսկ ահա անկախության 25 ամյակին ընդառաջ ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվեցին 2 եռյակ   /օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ/ և 3 երկվորյակ /բնական բեղմնավորմամբ/: Սա ամենամեծ նվեր է անկախության տոնին:

Հիշեցնենք, որ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին ու թող, որ բոլոր ընտանիքներում լսվի մանկան առողջ ճիչը:  

Առողջ եղեք: