Ասադը հայտարարել է, որ սիրիական զորքերի ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածները կանխամտածված են եղել

16:19 • 22.09.16

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածները Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիական զորքերի ուղղությամբ կանխամտածված են եղել: Այդ մասին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

 

Նրա խոսքով՝ սիրիացի զինծառայողների դիրքերի ուղղությամբ օդային հարվածները տևել են մոտ մեկ ժամ:

 

«Դա մի ինքնաթիռի հետ կապված պատահական միջադեպ չէր: Դա չորս ինքնաթիռ էր, որոնք շարունակում էին գրոհել սիրիացի զինվորների դիրքերը մոտ մեկ ժամ կամ ավելի: Հնարավոր չէ սխալ գործել մեկ ժամից ավելի»,- նշել է նախագահ Ասադը:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները շաբաթ օրը չորս հարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման շրջափակման մեջ գտնվող սիրիական զորքերին, ինչի հետևանքով զոհվել է 62 զինծառայող, մոտ 100 մարդ վիրավորվել է:

 

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդունում է Դեր Զորում ամերիկյան կոալիցիայի օդային հարվածների փաստը, բայց պնդում է, որ տեղեկացրել է Մոսկվային այդ հարվածների մասին նախօրոք և դադարեցրել է հարվածները, երբ իմացել է Ռուսաստանից, որ հարվածների շրջանում կարող են գտնվել սիրիացի զինվորականներ: