ԱՄՆ-ն հայտարարել է Բաքվի հետ ռազմական համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար «կարևոր է ռազմական համագործակցության ընդլայնումը»:
Ինչպես նշում է ria.ru-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչն իր բավարարվածությունն է հայտնել պաշտպանական ոլորտում Բաքվի ու Վաշինգտոնի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ: Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է այդ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին:
Մամեդյարովն իր հերթին Քարփենթերին տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի մասին:










