Եթե մարդիկ պահանջներին բավարարեն, կադրային փոփոխություններ չեն լինի. տրանսպորտի և կապի նախարար (տեսանյութ)
Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը կուսումնասիրի ոլորտում առկա բոլոր խնդիրները և հետո նոր կպատասխանի բոլոր հարցերին:
Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը:
Տաքսու վարորդների պահանջների վերաբերյալ հարցին նախարարն ասաց, որ խնդիրներն ուսումնասիրելուց հետո հանդիպում կկազմակերպվի. «Ես առաջին օրն եմ եկել, այսօր է ինձ ներկայացրել վարչապետը, փորձեմ ամեն ինչ ճշտել, պարզել մաքսիմալ... Ձեր օգնության կարիքն էլ կունենամ, որ միասին աշխատենք, դուք էլ եթե ինչ-որ բան նկատեք, ներկայացրեք»:
Հարցին, թե նախարարն արդյո՞ք ունի նոր ծրագիր, Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ ծրագիր ունի, որը ներկայացվում է:
Հարցին, թե հրապարակումներ կան, որ ինքը նախարար է նշանակվել, որովհետև Կարեն Կարապետյանի մտերիմն է, նախարարը պատասխանեց. «Շատերի հետ ունեմ մտերիմ հարաբերություններ, և չի նշանակում, որ ինչ-որ մեկի...Ինչո՞ւ ուրիշի մասին չեք ասում, շատերի հետ եմ մտերիմ: Կարեն Կարապետյանի հետ չեմ ասի մտերիմ, նորմալ հարաբերություններ ունեմ»:
Հարցին, թե նախարարն ի՞նչ առնչություն ունի «Ռոստելեկոմ» ընկերության հետ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես եղել եմ հիմնադիրներից մեկը և ժամանակին այն վաճառել եմ «Ռոստելեկոմ»-ին: Հիմա առնչություն չունեմ, ուղղակի մնացել էի տնօրենների խորհրդի անդամ՝ ըստ իրենց հետ եղած պայմանագրի»:
Կադրային փոփոխությունների վերաբերյալ նորանշանակ նախարարն ասաց, որ եթե մարդիկ իրենց պահանջներին բավարարում են, կադրային փոփոխություններ չի լինի, եթե ոչ՝ կլինի:
Հյուսիս-Հարավ մայրուղու, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ հարցերին նորանշանակ նախարարը չպատասխանեց՝ ասելով, որ այդ մասին կխոսի միայն ուսումնասիրություններ անելուց հետո:










