Վլադիվոստոկի բնակիչն այցելում է խանութներ, օղու շիշ «դատարկում» և առանց վճարելու հեռանում (տեսանյութ)

13:00 • 22.09.16

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչներից մեկը կանոնավոր կերպով խանութներ ու սուպերմարկետներ է այցելում, մի շիշ օղի «դատարկում» ու հեռանում` չվճարելով դրա համար, հաղորդում է VL.ru-ն:

 

Իրավապահ մարմիններում աղբյուրը պատմել է, որ 34-ամյա տղամարդը բազմիցս այցելել է Վլադիվոստոկի տարբեր թաղամասերի առևտրի կետեր, որտեղ մեկ շնչով 0,5 կամ 0,7 լիտր տարողությամբ օղու շիշ է խմել: Դրանից հետո նա հարբած վիճակում գնացել է ելքի մոտ, որտեղ պահակները նրան կանգնեցրել ու խնդրել են վճարել խմիչքի համար: Տղամարդը պատասխանել է, որ դարակի վրա արդեն դատարկ շիշ է եղել, և ինքը ոչ մի բան չի խմել:

 

Կայքը գրում է, որ տղամարդուն մի քանի անգամ բռնել են հանցագործության պահին ու տուգանք են դուրս գրել: Ընդ որում` մի անգամ նրա համար նույնիսկ շտապօգնություն են կանչել, որովհետև օղին խմելուց հետո նա վատ է զգացել իրեն:

 

Նշվում է, որ նման արարքների համար տղամարդուն քրեական պատասխանատվություն չի սպառնում, քանի որ նրա պատճառած վնասն ընդամենը մի քանի հարյուր ռուբլի է կազմում: Տղամարդը շարունակում է այցելել Վլադիվոստոկի առևտրի կենտրոններ: