Դատարանում քննվում է Անդրիաս Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը
Արաբկիր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը:
Ոստիկանի ցուցմունքով` Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Ղուկասյանը անազատության մեջ է հուլիսի 30-ից: Եվ ինչպես հայտարարում են նրա հարազատները` մոտ երկու ամիս է` զրկված են Անդրիաս Ղուկասյանին տեսակցելու հնարավորությունից:
Նրա անչափահաս դստերն այսօր հաջողվեց դատարանի դահլիճում տեսակցել հորը մեկ վայրկյանով, երբ դուստրը հուզված ասաց «պապա», իսկ ամբաստանյալ Ղուկասյանը քաջալերող ժեստով ժպտաց դստերը: Դրանից հետո աղջիկն արտասվում էր մոր` ճարտարապետ Անահիտ Թարխանյանի գրկում:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեպետ ամուսինն ահավոր հյուծված է, նրա տրամադրությունը լավ է, քանի որ բազմաթիվ լրագրողներ ցուցմունքներ են տվել այն մասին, թե վերջինս, ինչպես նաև Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, ովքեր նույնպես մեղադրվում են Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու մեջ, որքան են օգնել ժողովրդին ու թույլ չեն տվել, որ միջադեպեր լինեն:










