Թուրքիայի Աֆիոն քաղաքում մեկ օրում 70 դասախոս է ձերբակալվել

10:49 • 23.09.16

Թուրքիայի Աֆիոն (Աֆիոն-Կարահիսար) քաղաքում ձերբակալվել է 70 դասախոս, նրանք մեղադրվում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու և այդ խմբավորման քարոզչությամբ զբաղվելու համար:


Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը կից աշխատող turkiyeegitim.com կայքի փոխանցմամբ` նախկինում նույն մեղադրանքով աշխատանքից ազատված դասախոսների վերաբերյալ ձերբակալման հրաման է ստորագրվել Աֆիոնի գլխավոր դատախազության կողմից:


Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: