Անլուրջ, անհեթեթ… Գեղարքունիքի մարզպետը հերքում է Սևանի քաղաքապետի բերման ենթարկման հետ կապ ունենալը

18:54 • 23.09.16

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերքում է Սևանի գործող քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեկնածու ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին, թե ինքն է կանգնած վերջինիս այսօր Քննչական կոմիտե բերման ենթարկելու հետևում:

Тert.am –ի հետ զրույցում մարզպետն ասաց. «Սուտ, անլուրջ, անհեթեթ, տրամաբանություն չունեցող անձի հայտարարություններ են, լուրջ չեմ վերաբերում»:

Հարցին, թե կոնֆլիկտայի՞ն են իր և Սևանի քաղաքապետի  հարաբերությունները, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Չեն կարող իմ հետ կոնֆլիկտային հարաբերություններ լինել: Աշխատանքային»:

Հիշեցնենք, որ Սևանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Ռուդիկ Ղուկասյանն այսօր 4 ոստիկանի ուղեկցությամբ քաղաքապետարանից բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին։