ՊՆ-ն ոչ բոլոր ուսանողների զինգրքույկում է լրացրել «մարտական գործողությունների մասնակից», այդ պատճառով ԿԳՆ-ն չի զեղչում նրանց ուսման վարձը
Պաշտպանության և Կրթության և գիտության նախարարությունները դեռևս չեն կարողանում միմյանց մեջ պարզել՝ ինչպես անել, որ քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները կարողանան օգտվեն սահմանված 50 տոկոս և ավելի զեղչից:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանձնարարել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարողանան օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի չափով զեղչից: Մինչդեռ քառօրյա պատերազմին մասնակից զինվորներից շատերին բուհերում չեն տալիս սահմանված զեղչը, քանի որ զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին։
Tert.am-ի հետ զրույցում ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից մեկի մայրը՝ Լիլիթ Սարիբեկյանը ասաց, որ Tert.am-ի հրապարակումից հետո որդուն կանչել են բուհի դեկանատից՝ համոզվելու համար, թե նրան հասնում է սահմանված զեղչը, թե ոչ, հետո այդուհանդերձ նշել, որ զինգրքույկում գրված է «մարտական հերթապահություն» և ոչ թե «մարտական գործողությունների» մասնակից և կրկին մերժել ավել զեղչել:
Ըստ Լիլիթ Սարիբեկյանի՝ ստացվում է, որ նախարար Մկրտչյանը հայտարարել է, թե պատրաստ են «լավություն» անել և զեղչել՝ առանց նախապես ծանոթանալու, որ զինվորական գրքույկներում հիմնականում լրացված չէ: Բացի այդ, նրա համար պարզ չէ, թե ինչու Պաշտպանության նախարարությունը չի լրացնում զինգրքույկներում, որ այս տղաները մարտական գործողություններին են մասնակցել: Ըստ նրա, որդուն Թալիշում ծառայելու ու քառօրյային մարտական գործողություններին մասնակցելու համար միայն խրախուսական ժամացույց են նվիրել:
Պաշտպանության նախարարությունից Tert.am-ին ասացին, որ զինվորական գրքույկը օրագիր չէ, որ ինչպես ասես՝ լրացնեն:
«Զինվորական գրքույկը լրացնելու հստակ գրելաձև կա, ինչը պահանջում է օրենսդրությունը, և ըստ այդմ էլ լրացվում է»,-ասացին ՊՆ-ից:
Կրթության և գիտության նախարարությունից Tert.am-ին ասացին, որ իրենց սահմանված զեղչերից շատերն օգտվել են, քանի որ նրանց զինվորական գրքույկներում գրված է, որ մարտական գործողություններին են մասնակցել: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ասաց, որ բազմաթիվ դիմումներ ստացել են, և այն ուսանողների զինգրքույկներում, որտեղ գրված է մարտական գործողությունների մասնակից, վարձը զեղչվել է 50 և ավելի տոկոս, իսկ նրանց, ում զինգրքույկում գրված է եղել՝ իրականացրել է մարտական հերթապահություն, 30 տոկոս:
«Իհարկե, զինգրքույկում գրված չէ քառօրյա պատերազմին մասնակից, նշումը բոլորվին այլ է՝ կա լրացված մարտական հերթապահություն, և կա մարտական գործողությունների մասնակից՝ ամիս-ամսաթվով, որից բազմաթիվ դիմումներ ստացել են»,-ասաց մամուլի խոսնակը:
Իսկ թե քանի ուսանող է օգտվել 50 և ավելի տոկոս զեղչից՝ ներկայացնելով զինվորական գրքույկ, որտեղ գրված է մարտական գործողությունների մասնակից՝ ամիս ամսաթվով, մամուլի խոսնակը գրավոր հարցմանը կպատասխանի ավելի ուշ՝ բուհերից ճշգրտումներ ստանալով:
Նշենք, որ սահմանված զեղչից օգտվելու դիմումների ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին:










