Անկարգությունների պատճառով Շարլոթ քաղաքի իշխանությունները պարեկային ժամ են սահմանել

06:02 • 23.09.16

Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքի իշխանությունները պարեկային ժամ են հայտարարել, քանի որ ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացու սպանությունից հետո երեք օր չեն դադարում բողոքի ակցիաները:

Ըստ Reuters գործակալության տվյալների՝ պարեկային ժամը կգործի կեսգիշերից մինչև առավոտյան  ժամը 6-ը:

Բողոքի ակցիայի ընթացքում  տուժել է մի քանի ոստիկան և քաղաքացիական անձ: Ցուցարարներից մեկը ծանր հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել է:

Ըստ ոստիկանության հաշվետվության՝ երեքշաբթի երեկոյան իրավապահ մարմինները զինված տղամարդու են նկատել, ով դուրս է եկել ավտոմեքենայից: Նրա ուղղությամբ կրակ են բացել: Ստացած վիրավորումներից տղամարդը հիվանդանոցում մահացել է: Սպանվածը 43-ամյա աֆրոամերիկացի Քեյթ Լամոնթ Սքոթն է: Նրա ուղղությամբ կրակած ոստիկանը ևս աֆրոամերիկացի է եղել: