3-ամյա երեխան ողջ է մնացել Սիբիրի վայրի անտառներում 3 օր միայնակ մնալուց հետո
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները երկարատև որոնողական աշխատանքներից հետո Սիբիրի վայրի անտառներում հայտնաբերել են 3 օր այնտեղ գտնված 3-ամյա տղային:
Ինչպես նշում է The Guardian-ը, ենթադրվում է, որ Ցերին Դոպչուտ անունով փոքրիկը, ընկնելով շան քոթոթի հետևից, մոլորվել է ու միայնակ հայտնվել գայլերով և արջերով բնակեցված վայրի բնության գրկում:
Հայտնի է, որ երեխան իր մեծ տատի հսկողության տակ խաղացել է շների հետ, հետո հանկարծակի կորել է տեսադաշտից: Միջադեպը տեղի է ունեցել Տուվայի Հանրապետության Խութ գյուղում:
Սեպտեմբերի 18-ին անհետացած տղայի որոնողական աշխատանքներում ներգրավված է եղել 100-ից ավելի մարդ, որոնք փոքրիկին որոնել են գիշեր-ցերեկ: Վերջիվերջո, նրանց ջանքերը հաջողությամբ են պսակվել, և սեպտեմբերի 21-ին Ցերինը հայտնաբերվել է՝ հաստաբուն ծառի դուրս ցցված արմատների մեջ քնած: Տուվայի ղեկավար Շոլբան Կարա Օօլը հայտնել է, որ տղան հայտնաբերվել է Խութ գյուղից 3 կմ հեռավորության վրա:
«Սա ուղղակի հրաշք է, որ տղան կարողացել է ողջ մնալ գայլերով ու արջերով բնակեցված անտառում: Հիմա տայգայում շատ վտանգավոր սեզոն է. արջերը նախապատրաստվում են ձմռան քնին ու շատ ագրեսիվ են: Նրանք կարող են հարձակվել շարժվող ցանկացած օբյեկտի վրա: Բացի այդ, գիշերներն այստեղ շատ ցուրտ է»,-նշել է տեղի փրկարար ծառայության ղեկավար Այաս Սարիգլարը:
Նշվում է, որ տղայի հագին չի եղել տաք վերարկու կամ բաճկոն, իսկ գրպանում փոքրիկն ունեցել է ընդամենը մի կտոր շոկոլադ:










