ԼՀ և ՔՊ կուսակցությունների բանավեճը եզրափակիչ փուլ է մտել. Վանաձորի ընտրություններում նրանք չեն համագործակցի

13:24 • 23.09.16

«Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեռակա բանավեճը եզրափակիչ փուլ է մտել: Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն և ԼՀ-ն չեն  համագործակցի և կմասնակցեն առանձին-առանձին ցուցակներով, քանի որ միմյանց կողմից ներկայացված պայմանների ու առաջարկների հարցում համաձայնության չեն եկել, իսկ ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետն ավարտվել է:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր կուսակցություններին առաջարկ էր արել, որպեսզի ինքնաբացարկ ներկայացնեն՝ ի օգուտ «Լուսավոր Հայաստանի», հաշվի առնելով, որ իրենք մեծ շանս ունեն Վանաձորում հաղթելու ՀՀԿ-ին: Առաջարկին արձագանքել էր միայն Նիկոլ Փաշինյանը, սակայն պայմանով՝ եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից և որպես դրան ուղղված քայլ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում Նախագահի իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ:  Մարուքյանը պայմանը շանտաժ է որակել, բայց ընդունել համագործակցության առաջարկը իր հերթին պայման դնելով, որ սեպտեմբերի 22-ին մինչև  ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն «Լուսավոր Հայաստանի» ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, որից անմիջապես հետո ցանկացած պահի պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից): 

Իսկ ՔՊ-ն ինքնաբացարկ չէր հայտարարել, և այդ այդմ էլ կուսակցությունները կգնան ընտրություններին առանձին-առանձին:

Tert.am-ի հետ զրույցում ՔՊ կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ  ինքնաբացարկ չեն ներկայացրել, թեև դրա համար փաստաթուղթ պատրաստել էին, քանի որ առաջարկներն ընդունելու Մարուքյանի հայտարարությունն ընդամենը բառախաղ էր՝ դրանից խուսափելու համար:  

«Ընդամենը պետք է ասեր, որ այո, համաձայն եմ, ընդունում եմ ձեր առաջարկած կետերը, այլ ոչ թե հղում էր անում գոյություն չունեցող փաստաթղթի վրա:  Այդ փաստաթուղթը, որի վրա ինքը հղում էր անում, գոյություն չունի,  ինչն էլ ենթադրում է, որ կամ ինքը անգրագետ է, կամ բառախաղ է անում։ Իսկ ես վստահ եմ, որ ինքը անգրագետ չի: Ասում է՝ պատրաստ եմ ստորագրել, բայց ինչի՞ տակ։ Ես էլ եմ պատրաստ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնության տակ»,-ասաց նա: