Եգիպտոսի ափերի մոտ խորտակված ներգաղթյալների թիվը հասել է 108-ի

12:13 • 24.09.16

Եգիպտոսի ափերի մոտ չորեքշաբթի օրը խորտակված ներգաղթյալների թիվը հասել է 108-ի և, հավանաբար, դեռ կավելանա: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի Ռոզետա շրջանի իշխանություններին:

 

Ինչպես հաղորդվում է, չորեքշաբթի օրը Ռոզետա նավահանգստի մոտակայքում շրջված նավում եղել է 450-ից 600 մարդ: Նավը շուռ է եկել ափից 12 կիլոմետր հեռավորության վրա: Հաստատվել է, որ այն տեղափոխել է ներգաղթյալների հինգ երկրներից՝ Եգիպտոսից, Սիրիայից, Սուդանից, Էրիթրեայից և Սոմալիից:

 

Իշխանությունների հայտարարության համաձայն՝ 164 հոգու հաջողվել է փրկել:

 

Ողջ մնացածները պատմել են BBC-ին, որ կազմակերպիչները հավելյալ վճար են պահանջել փրկարարական բաճկոնների համար: Նավը կանգնած է եղել ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և ներգաղթյալներին նավ են տեղափոխել խմբերով: Նավը շրջվել է, երբ բարձրացել է 150 մարդուց բաղկացած վերջին խումբը: