Ոսկե հուշամեդալներ չեմպիոններին՝ օլիմպիական մեդալների կրկնօրինակով՝ «Եվրոֆուտբոլի» կազմակերպած երախտագիտության օրը (տեսանյութ, լուսանկարներ)
«Եվրոֆուտբոլ» ընկերությունն անակնկալ էր պատրաստել «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար: Նախ նրանց հրավիրել էին ընկերության գրասենյակ, ապա դիմավորել հայկական «Յարխուշտա» պարով, այնուհետև նվիրել իրենց ոսկե հուշամեդալներ ՝ իրենց մեդալների դիզայնով:
Tert.am-ի հետ զրույցում «Եվրոֆուտբոլ» ընկերության բրենդ և PR մենեջեր Հովհաննես Թովմասյանը նշեց, որ ողջ հայոց ազգն է տոնում չեմպիոնների հաղթանակը, իսկ իրենց ընկերությունը մշտապես հայ մարզիկների կողքին է եղել և կլինի:
«Ընկերությունն իր կողմից որոշել է անցկացնել երախտագիտության միջոցառում: Քանի որ ամեն ինչի հիմքում նրանց հաղթանակած մեդալներն են, որոնք նրանք միշտ չէ որ հնարավորություն են ունենալու կրել մեծության պատճառով, մենք մտածեցինք, որ նրանց հարկավոր է մի բան, որը մշտապես կլինի նրանց հետ և կլինի նրանց հաղթանակի խորհուրդը, իսկ դա կարող է լինել միայն հենց օլիմպիական մեդալի կախազարդի տարբերակը: Ուսումնասիրեցինք, լավագույն դիզայներներին գտանք, ովքեր կարող էին եռաչափ եղանակով օլիմպիական մեդալի կրկնօրինակը պատրաստել, բայց ավելի փոքր չափսի, ինչպես նաև ավելացրեցինք նրանց անուն-ազգանունները, որպեսզի աշխատանքը լինի եզակի»,-ասաց նա:
Հովհաննես Թովմասյանը նշեց, որ նվերները պատրաստված են մաքուր ոսկուց և լիաձույլ են:
«Խորհուրդ այն է, որ այն կարող են կրել ամեն օր և ամենուր, ինչը նրանց կհաղորդի լրացուցիչ ուժ, հավատ, քանի որ այդ մեդալի համար տարիներ շարունակ պայքարել են: Իր արժեքը ոչ միայն ոսկու և քաշի մեջ է, չնայած մեդալը բավականին լավ քաշ ունի, այլ իր արժեքն ավելի շատ խորհրդի մեջ է: Այն իսկապես հեղինակային աշխատանք է՝ աշխարհում երկու հատ կա, և հուսով ենք՝ կդառնա տոհմային՝ սերնդե-սերունդ փոխանցվող հուշամեդալ կամ կախազարդ»,-ասաց նա նշեց, որ բավականին բարդ և բարձր որակի աշխատանք է իրականացվել՝ ոսկերչության ամենաբարձր ավանդույթներին և չափանիշներին համապատասխան:
Արթուր Ալեքսանյանը, կիսվելով տպավորություններով, ասաց, որ նվերն իրենց համար անակնալ էր, չէին սպասում:
«Շատ շնորհակալություն կազմակերպիչներին, «Եվրոֆուտբոլ» ընկերությանը, շատ ուրախ ենք այս անակնկալի համար»,-ասաց նա և նշեց, որ ուրախությամբ կկրի:


























