Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Ա. Վարդանյանին առաջադրված՝ իշխանությունը յուրացնելու փորձի մեղադրանքը շինծու է. փաստաբան

12:42 • 24.09.16

«Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե իր պաշտպանյալ, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ օրեր առաջ քննչական նախաքննական մարմնի կողմից ներկայացված նոր ՝ Քրեական օրենսգրքի 35-300 մեղադրական հոդվածը շինծու է:

Ըստ նրա, եթե մինչև հիմա մեղադրվում էր որպես զինված խմբի ղեկավար, օրեր առաջ առաջադրվել է նաև մեղադրանք իշխանությունն ապօրինի կերպով յուրացնելու նախապատրաստման փորձի համար:

«Այդ մեղադրանքը շիծու է, հորինովի, և այսօր գտնվում ենք այն վիճակում, որ այն անձինք, որ անցանկալի են իշխանության համար, մեղադրվում են քաղաքական հոդվածներով, իսկ իրավական համակարգը գործում է որպես պատվեր կատարող»,-ասաց նա:

Նման դեպքերում ըստ նրա, նախաքննության ընթացքում փորձ են անում կոտրել մեղադրյալներին, տարբեր մեթոդներով տարբեր ցուցմունքներ կորզել:

«Ընդ որում հասկացնում են, որ կարող են փոխել խափանման միջոցը փոխել, այն անձինք ովքեր գնում են դրան՝ կալանավորումը փոխվում է, իսկ այն անձինք, ովքեր չեն կոտրվում ունենում են հետևյալ պատկերը՝ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հոդվածների փունջ»,-ասաց նա և նշեց, որ Արթուր Վարդանյանի դեմ առաջադրված նոր մեղադրանքը կարող են առաջադրել ցանկացած անձի դեմ, ով քննադատում է իշխանության վարած քաղաքականությունը:

Փաստաբանը պնդում է, նրա դեմ առաջադրել են քաղաքական հոդվածներ և կալանավորել քաղաքական դիրքորոշումների համար, ուստի այո՝ նա «քաղկալանավոր» է:

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, սակայն ինքը դեռ չի ծանոթացել դրանց ամբողջությամբ:

«Միայն ասել են, որ քրգործը բավական ծավալուն է, այս պահին քրեական գործ իմ ձեռքի տակ չկա»,-ասաց նա: