Եթե մենք չաշխատենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, շատ բան կկորցնենք. Քնեսետի փոխխոսնակ

13:28 • 24.09.16

 

Եթե մենք չաշխատենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, շատ բան կկորցնենք. հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձևավորման աշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ հայտարարեց Իսրայելի  Քնեսետի փոխխոսնակ, Քնեսետի Հայաստան-Իսրայել պատգամավորական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:

«Դեռ մեկ տարի առաջ մենք հասկացանք, որ մեր ժողովուրդների միջև կան շատ ընդհանրություններ, եթե մենք չաշխատենք այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ շատ բան կկորցնենք»,- ասաց նա ` ավելացնելով,  որ դեռ մեկ տարի առաջ որոշվեց նման ֆորումի ստեղծումը, երբ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Իսրայել:

Նշենք, որ ֆորումը հարթակ է հանդիսանալու երկու երկրների գիտական, մշակութային, տեխնոլոգիական, առողջապահության, զբոսաշրջության և գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար: Ֆորումը գործելու է մշտական հիմունքներով, հասարակական կարգով՝ իր աշխատանքները պարբերաբար իրականացնելով ինչպես Իսրայելում, այնպես էլ Հայաստանում:

«Մենք այստեղ ենք իրականացնելու ձեր ցանկությունը»,- ասաց  Քնեսետի փոխխոսնակը՝ ավելացնելով, որ գիտեն, որ հայերին և իսրայելացիներին շատ բան է միացնում, հայերը ևս ցանկություն ունեն պահպանելու իրենց ազգայինը:

Թալի Պլոսկովը նշեց, որ երկու երկրների համագործակցությունից կշահեն երկուսն էլ, քանի որ Հայաստանում չկա այն, ինչ կա Իսրայելում և հակառակը:

ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ իրենք այս ֆորումի շրջանակներում սկսում են  ոչ շատ բարդ, բայց հավակնոտ ծրագիր: