Մերձմոսկովյան շրջանում գնացքը բախվել է ավտոմեքենայի. կա մեկ զոհ և մեկ տուժած

13:05 • 25.09.16

Մոսկվայից Կրասնոարմեյսկ ուղևորվող գնացքը բախվել է ավտոմեքենայի, որը փորձելիս է եղել կարմիր լույսի տակ անցնել երկաթուղային գծերը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տուժել է, իսկ ուղևորը` մահացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Մոսկվայի երկաթուղային ուղիների մամուլի ծառայությանը:

 

«Այսօր ժամը 8:23-ին Սոֆրինո-Կրասնոարմեյսկ հատվածում թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը երթևեկության կանոնների կոպտագույն խախտում է իրականացրել և փորձել կարգավորվող գծանցումի վրա շարժվող գնացքի դիմաց կարմիր լույսի տակ հատել երկաթուղային գծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ գնացքավարն անմիջապես արգելակել է փոխադրամիջոցը, սակայն նրան չի հաջողվել խուսափել բախումից: Նախնական տվյալների համաձայն` վարորդը վիրավորվել է, իսկ ուղևորը` մահացել:

 

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներն ու շտապօգնության բրիգադը:

 

Կայքը գրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը չի ազդել ուղևորատար և քաղաքամերձ գնացքների շարժման ժամանակացույցին: