ՀՅԴ-ի համար  գերխնդիրը պորտֆելների քանակը չէ. Աղվան Վարդանյանը Արծվիկ Մինասյանի՝ ԲՆ տեղափոխման մասին (տեսանյութ)

14:04 • 26.09.16

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է մնալ կառավարությունում և աշխատանքը շարունակել որպես ՀՀ բնապահպանության նախարար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ`  Կարեն Կարապետյանն ինքն է Արծվիկ Մինասյանին առաջարկել մնալ և գլխավորել Բնապահպանության նախարարությունը:

Լրագրողների  հարցին, թե արդյոք Արծվիկ Մինասյանը  կարող է աշխատել որպես բնապահպանության նախաարար` ոլորտի մեջ չլինելով, ՀՅԴ խմբակցության քարտուղարը  պատասխանեց, որ   Արծվիկ Մինասյանի  հմտությունները   բոլորին են հայտնի և վստահություն հայտնեց, որ  խնդիր չի լինի:

Tert.am-ի   այն հարցին, թե  արդյոք լուսանցքային չի դառնում ՀՅԴ  դերը կոալիցիայում  էկոնոմիկայի նախարարի պորտֆելի կորստից հետո,   Աղվան  Վարդանյանը   վստահեցրեց, որ   ՀՅԴ-ն չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից  ու  հայտարարեց, թե  ՀՅԴ-ի համար   գերխնդիրը ոչ թե պորտֆելների  քանակն է, այլ ծրագրերի իրականացումը:

Նա նաև ասաց, որ Կարեն Կարապետյանը վճռական է պայքարելու կոռուպցիայի  և երկրում այլ խնդիրների լուծման համար: