Ադրբեջանում անցկացվող հանրաքվեի ընթացքում խախտումների մասին տվյալներ են ստացվել (տեսանյութ)

13:05 • 26.09.16

Ադրբեջանում այսօր անցկացվող սահմանադրական հանրաքվեի ընթացքում տվյալներ են ստացվում խախտումների մասին: Այդպես՝ դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկներ են բաժանել 8-10-րդ դասարանների աշակերտներին, որոնք դեռ չեն հասել քվեարկության տարիքի: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով ընտրող Քամրան Հասիմովին:

 

«Առավոտյան ժամը 9-ին քվեատուփերը լցված են եղել քվեաթերթիկներով: Ինձ նույնպես ցանկանում էին մի քանի քվեաթերթիկ տալ»,- ասել է Հասիմովը:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի ղեկավար Սևինջ Ռուֆուլաևան հերքել է օրենքի խախտումների մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ եղել է ընդամենը մի երիտասարդ, որը ցանկանում էր «աղմկել», նա վիրավորել է ուսուցիչներին և հեռացել:

 

Առողջապահության նախարարության համակարգից մի բժիշկ էլ պատմել է Turan-ի թղթակցին, որ չնայած ապրում է մեկ այլ թաղամասում՝ ղեկավարությունը նրան հրահանգել է գնալ և քվեարկել մայրաքաղաքի մեկ այլ թաղամասում, ընդ որում՝ հրաժարվելու դեպքում սպառնալով նրան հեռացնել աշխատանքից:

 

Նմանատիպ իրավիճակում են նաև բյուջետային կազմակերպությունների այլ աշխատակիցներ և պետծառայողներ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում մեկնարկել է Սահմանադրությունում մի շարք փոփոխությունների իրականացման հարցով հանրաքվեն, որի դրական ելքի դեպքում Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից կհասցվի 7 տարվա: Հավանական փոփոխությունների թվում են նաև փոխնախագահների պաշտոնների սահմանումը, ինչպես նաև երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների տարիքային սահմանափակումների չեղարկումը:

 

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ նախագիծը: