Էստոնուհին դարձել է առաջին կինը, որ վինդսերֆինգի տախտակով հատել է Բալթիկ ծովը
Կիրակի երեկոյան էստոնացի մարզուհի Ինգրիդ Պուուստան ավարտել է վինդսերֆինգի տախտակով ճանապարհորդությունը շվեդական Գոթլանդի մոտակայքում գտնվող Ֆորո կղզուց էստոնական Սաարեմաա կղզում գտնվող Կաունիսպե նավահանգիստ և, այսպիսով, դարձել է առաջին կինը, որ այդ ձևով հատել է Բալթիկ ծովը:
Ինչպես նշում է Interfax-ը, Պուուստայի ճամփորդությունը մեկնարկել է ժամը 7:37-ին ու ավարտվել 21:25-ին: Մեղմ քամու պատճառով մարզուհու ճանապարհը` 100-110 ծովային մղոն (ավելի քան 185 կմ), տևել է համարյա 14 ժամ, հայտնում է ERR պորտալը:
Կայքը գրում է, որ ծովում մարզուհուն պաշտպանել է ուղեկցող նավը, որում գտնվել են Noblessner նավասպորտային ակումբի առագաստային սպորտի դպրոցի մարզիչները:
Նշվում է, որ արշավի նպատակը սահմանափակ կարողություններով մարդկանց առագաստային սպորտով զբաղվելու հարցում աջակցությունն է:










