Եզդի գյուղապետերը հերքում են Արագածոտնում ՔԲԿ քարոզի մասին լուրերը ու դրանց տարածման մեջ մեղադրում Ազիզ Թամոյանին

19:43 • 26.09.16

Թուրքիայում գործող «Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները» վերջին շրջանում Արագածոտնի մարզում  հոգեբանական բնույթի քարոզչություն են իրականացնում և աշխատանք տանում եզդիաբնակ համայնքներում՝  համոզել-բացատրելով ասել, որ ոչ թե եզդի են, այլ քուրդ եզդի:

Այս մասին Tert.am -ին հայտնեց իրավաբան, հասարակական ակտիվիստ Խդր Հաջոյանը, որը նաև  Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի թոռն է:

«Այդ քարոզչությունը նրա համար է, որ ուղղակի տիրանան եզդական մշակույթին, քանի որ եզդիները, լինելով  աշխարհի հնագույն ազգերից  մեկը, դարեդար բնակվել են Իրաքի հյուսիսային մասում, Սիրիայի որոշ տարածքներում և այժմյան Թուրքիայի այլ հատվածներում: Այսինքն` նպատակն աշխարհին ներկայացնելն է, որ, իբրև թե, եզդիները քրդեր են, որպեսզի եզդիների իրավունքների տերերն իրենք լինեն: Եվ այդ հողերի տերն իրենք լինեն»,- հայտարարեց Խդր Հաջոյանը:

Շարունակելով` նա   նկատեց, որ եզդիներին քուրդ ներկայացնելու քաղաքականությունն իր ակունքներն ունի դեռ Խորհրդային Միությունից:

«Ժամանակին, երբ հայկական ֆիլմերն ուղարկվում էին Մոսկվա, «եզդի» բառը հանվում էր: Նույն «Զարե» ֆիլմում, որը հայկական առաջին ֆիլմն է ու եզդիների մասին է, ասվում է, որ քուրդ եզդիներ են»,- ասաց Հաջոյանը:

Հիշեցնենք, որ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բաց նամակ էր  հղել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, որում, ասվում է, որ Քրդական բանվորական կուսակցությունն իր օղակներն է ստեղծել ՀՀ Արագածոտնի մարզում, մասնավորապես՝ Ռյա Թազա համայնքում ունի գրասենյակ, որ եզդիների շրջանում տարածում է իր գաղափարները և ՀՀ Արագածոտնի մարզը համարել է քրդական տարածք` գծելով քարտեզներ:

«Հատկապես Շանգալի դեպքերից հետո, երբ մեր փոքրաթիվ ժողովրդի գոյությունը վտանգված է, որոշ ուժեր փորձում են ՀՀ-ում էլ, կեղծելով իրականությունը, քրդացնել եզդիներին»,- ասել  էր  Ազիզ Թամոյանը:

Թամոյանի նամակում ընդգծվում էր, որ դեռևս 1988 –ին  Հայաստանի եզդի համայնքը պահանջ էր  դրել  իշխանությունների առաջ`  ճանաչելու եզդիներին իրենց անուններով: Այսինքն` ազգությունը` եզդի, լեզուն ` եզդիերեն, կրոնը` շարֆադին:

Ըստ այդմ՝ Հայաստանի  2001 և 2011 թթ.  մարդահամարների արդյունքում, ըստ Ազիզ Թամոյանի, եզդիները ճանաչվել են առանձին ազգություն` առանձին լեզվով ու կրոնով:

Ի դեպ՝ Թամոյանի ասածը հաստատեց ակունքներով Թուրքիայից մի հայուհի, ով չցանկացավ ներկայանալ։ Tert.am –ի հետ զրույցում նա պատմեց, որ մայրաքաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում անձամբ ականջալուր է եղել նման քարոզչության:

Եզդիաբնակ Սիփան գյուղի գյուղապետ Թենգիզ Մամոյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց իրենց գյուղերում քրդերի քարոզչությունը՝ ասելով. «Նման սխալ բաներ սկսել է հայտարարել ինքնակոչ Ազիզ Թամոյանը այդ սամազվանեցը,  որովհետև իրան ո՞վ ա ընտրել համայն աշխարհի եզդիների միության նախագահ ու հիմա սկսել ա եզդի ազգի համար թշնամիներ վաստակել, որ ասում ա` քարտեզ են ստեղծել… շուտով Հայաստանը պտի գրավեն... չգիտեմ ինչ»:

Tert.am –ը  զրուցեց նաև Ռյա Թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանի հետ, որը հերքեց քրդերի կողմից քարոզչության լուրը՝ ասելով. «Ով ասել է այդ բանը, կներեք, էշի քուռակ ա»:

Ի դեպ՝ նա, չհերքեց, որ գյուղում կա ՔԲԿ գրասենյակ, բայց ինչ վերաբերում է նրանց վերագրվող պառակտիչ գաղափարներին՝ «նման բան չի եղել ու չկա»:

Ահմադ Բրոյանը հատուկ ընդգծեց, որ բոլոր եզդիաբնակ գյուղերում իրենց եզդի են համարում և   պնդեց, որ Արագածոտնի մարզի բոլոր 11 եզդիական համայնքներում միասնական կարծիքի են:

«Մենք եզդի ենք, արևապաշտ ենք, արևի ենք հավատում, հիմա քրդերը որտեղի՞ց են առաջացել, ո՞վ ա անվանել, մենք դա բոլորը գիտենք: Իրենք ով են, որ մեզ բացատրեն` մենք ինչ ազգ ենք, որտեղի՞ց ենք եկել: Ես քրդերին ընդունում եմ իմ երկու աչքի վրա, բայց իրանք ի՞նչ իրավունք ունեն ինձ ասեն` դու քուրդ ես, եզդի ես… Բայց  որ քարոզում են՝ ըտենց բան չկա, ամենայն ազնվությամբ եմ ասում, Ձեր Աստծուն մեռնեմ, Ձեր հոր Աստծուն մեռնեմ»,- ասաց եզդի գյուղապետը:

Արդեն անձնավորված անդրադառնալով Ազիզ Թամոյանին` Ահմադ Բրոյանը նրան անվանեց  ազգի խոտորնակ ու պատմեց. «Մարզպետի մոտ խոսակցության ժամանակ, որ ասել էր` եզդիները ուզում են Հայաստանի կեսը բաժանեն դարձնեն եզդիաստան… չգիտեմ ինչ: Դուք դրան մի լսեք, Դուք գրագետ մարդիկ եք՝ բանասիրական գիտությունների .. երևի… բանասիրականն եք ավարտել»:

Ազիզ Թամոյանին Ահմադ Բրոյանը մեղադրում է կոնկրետ տարբեր կազմակերպություններից»  փող ստանալու ու իր գրած դասագրքերը եզդիական դպրոցների վզին փաթաթելու մեջ:

Ի դեպ՝ վարչապետին ուղղված նամակում Ազիզ Թամոյանն անդրադարձել էր դասագրքերի խնդրին՝ նշելով, որ թեև Հայաստանում քրդաբնակ գյուղեր չկան, 10-12-րդ դասարանների դասագրքերը ոչ թե եզդիերեն, այլ կուրմանջի լեզվով են:

Ահմադ Բրոյանը նշեց, որ ծնողների ցանկության դեպքում անցնում են նաև կուրմանջի լեզվով: «Իրա դասագրքերում միտք չկա…  մեկը որ գրի՝ Պետրոս Պետրոսյանը 400 հատ ոչխար ունի… մի հատ թարգմանեք, տեսեք ու հետո մի ամիս հետո զանգեք` ասեք` ընկեր Բրոյան, Դուք ճիշտ էիք»,-ասաց նա:

Սիփանի  գյուղապետ Թենգիզ Մամոյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց գործընկերոջ ասածն՝ ավելացնելով . «Գրել է, որ իր պապը 400 հատ ոչխար ունի, անհարմար չէ՞, որ մանուկներն այդ դասագրքերով սովորեն»: