Հալաբյան փողոցի մայթին կառուցված շինությունն ապօրինի է (լուսանկարներ)

09:10 • 26.09.16

Tert.am-ը Երևանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել Հալաբյան փողոցի մայթի վրա կառուցված և հետիոտնի ճանապարհը փակած շինության վերաբերյալ, պարզելու համար, թե ինչ շինություն է այն և երբ է կառուցվել, արդյոք կա  Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը և եթե այո,ապա ինչ հիմնավորմամբ, եթե չկա Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, ապա ինչ քայլեր է նախաձեռնելու և որքան է կազմում շինության մակերեսը:

Tert.am-ի հարցմանը Երևանի քաղաքապետարանը պատասխանել է, որ կառուցման համար  քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրվել. «Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության աշխատակիցների կողմից կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ այդ հատվածում որևէ նոր քաղաքաշինական գործունեություն փաստացի չի իրականացվում, սակայն առկա են ոչ հիմնական շինություններ/տաղավարներ/, որոնք չունեն որևէ իրավական կարգավիճակ: Հալաբյան փողոցի վերջնամասում գտնվող տվյալ շինությունը իրենից ներկայացնում է ինքնակամ կառույց, որի կառուցման համար որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրվել»։

Ելնելով Երևանի քաղաքապետարանի պատասխանից, Tert.am-ը հարցում է ուղարկել, պարզելու համար, թե արդյոք ապամոնտաժվելու է կառույցը: