Թրամփը մտադիր է ընտրվելու դեպքում Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչել

08:58 • 26.09.16

Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հաղթելու դեպքում Երուսաղեմը կճանաչի Իսրայելի «ամբողջական» մայրաքաղաք:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին ասվում է միլիարդատիրոջ նախընտրական կայքում:  

 

«Պարոն Թրամփն ընդունել է, որ Երուսաղեմը 3 հազարամյակից ավելի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը և որ Միացյալ Նահանգները Թրամփի՝ իշխանության գալու դեպքում վերջապես կընդունի ավելի վաղ Կոնգրեսի կողմից Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը»,-ասվում է կայքում զետեղված հայտարարությունում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, Թրամփն ու Նեթանյահուն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունները՝ այդ թվում նաև Իսրայելի ռազմական հզորության, անվտանգության և կայունության հարցերը:

 

Հայտնի է, որ անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը: Հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայել պետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։