Լեհական կենդանաբանական այգում արջը հողը փորփրելու ժամանակ հաուբիցի արկ է գտել

14:00 • 26.09.16

Լեհաստանի Պոզնան քաղաքի կենդանաբանական այգում բնակվող Եվա մականունով արջը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած հաուբիցի արկ է հանել հողից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով կենդաբանական այգու ներկայացուցիչ Մարգարիտա Խոդըլային:

 

«Արջն ամենայն հավանականությամբ արկը գտել է հողը փորփրելու ժամանակ: Գազանանոցի աշխատակիցը հայտնել է, որ կենդանու բերանում ինչ-որ տարօրինակ առարկա կա: Պարզվել է, որ դա հաուբիցի արկ է։ Մենք նրա սիրելի ուտեստների միջոցով շեղել ենք նրա ուշադրությունը, և սակրավորները մտել են նրա մոտ»,- պատմել է Խոդըլան:

 

Նրա խոսքով` կենդանաբանական այգու տնօրինությունը մտադիր է դիմել սակրավորներին, որպեսզի նրանք հետազոտեն այգու տարածքը, որտեղ արջերի, ընձառյուծների ու հովազների համար կացարաններ կկառուցվեն:

 

«Զարմանալի չէ, որ արջը նման բան է գտել... Մենք կցանկանայինք բացառել նման դեպքերն ապագայում: Սակրավորներն արդեն տարածքից դուրս են հանել զինամթերքն ու ոչնչացրել այն»,- մանրամասնել է կենդաբանական այգու ներկայացուցիչը: