Սարի թաղում բախումների ժամանակ կալանավորված տղաների ընտանիքները պահանջում են համաներում կիրառել նրանց նկատմամբ
«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված երիտասարդների ընտանիքները պահանջում են համաներում կիրառել իրենց որդիների նկատմամբ:
Ազգային ժողովի դարպասների դիմաց երիտասարդների ծնողները, որոնք եկել են «Ազատ արձակեք մեր տղաներին», «Վերջ տվեք անօրինականությանը» պաստառներով, հավաստիացնում են, որ կալանավորումն անօրինական է, որովհետև նրանք «Սասնա ծռերին» չեն աջակցել, ընդամենը՝ տարբեր կենցաղային հարցերի պատճառով, գտնվել են իրադարձությունների կիզակետում:
«Կան տեսանյութեր, նայեք, կտեսնեք… Այնպես չի եղել, որ ոստիկանները ձեռքները ծալած նստել են, չէ, զենք են հանել ոստիկանությունից, մարդիկ հարցրել են՝ ժողովրդի վրա՞ ես բարձրացնում, մեզի խփելո՞ւ, ասել են քո գործը չի, լրագրողներին են ծեծել, ջնջել են տվել նկարածը: Մարդը կարա վախից քար գցի, տեսնում են՝ զենք կա, քար են գցում: Բայց էդ ի՞նչ հանցանք ա…»,- ասաց ծնողներից մեկը:
Նրանք ասացին, որ լսել են, որ հնարավոր է Հայաստանում համաներում հայտարարվի ու խնդրում են, որ իրենց տղաներն են համաներվեն:
«Ես հիվանդանոցում ծանր պառկած եմ եղել, երեխաներս չեն կարողացել երեք օր մոտս գան, որովհետև ճանապարհը փակ է եղել: Բա մարդիկ պահանջել են, որ բացեն, գազը, լույսը միացնեն… Սա է եղել, քաղաքականության հետ կապ չեն ունեցել»,- ասաց ծնողներից մյուսը:










