Deutsche Welle-ն հայց է ներկայացրել Թուրքիայի սպորտի նախարարության դեմ
Deutsche Welle մեդիակորպորացիան քաղաքացիական հայց է ներկայացրել Անկարայի դատարան՝ Deutsche Welle մեդիաընկերության Conflict Zone ծրագրի համար Թուրքիայի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ հեռուստատեսային հարցազրույցի բռնագրավման պատճառով: Այդ մասին ասված է Deutsche Welle-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Գերմանական ընկերությունում նշում են, որ նախարարի հետ հարցազրույցը ձայնագրվել է սեպտեմբերի 5-ին: Սակայն ձայնագրությունից անմիջապես հետո նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ DW-ին արգելվում է հրապարակել զրույցը:
Բոլոր նկարահանված նյութերն առգրավվել են և չեն վերադարձվել լրագրողներին:
DW-ի տվյաներով՝ նախարարի հետ հարցազրույցի ընթացքում քննարկվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, դրան հետևած զանգվածային ձերբակալությունները, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը և թուրքական հասարակությունում կանանց դերը:










