«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում սպասարկման կենտրոն կբացի

15:49 • 27.09.16

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տեսակի ռուսական քաղաքացիական ուղղաթիռների սպասարկման և վերանորոգման համատեղ ձեռնարկություն բացելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Համապատասխան փաստաթուղթը Բաքվում բացված ADEX-2016 սպառազինության ցուցահանդեսի առաջին օրը ստորագրել են «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը և Silk Way Helicopter Services-ի ղեկավար Ազեր Սուլթանովը:

 

«Ադրբեջանը ռուսական արտադրության ուղղաթիռները շահագործող՝ ԱՊՀ-ի տարածքում գլխավոր երկրներից է: Հենց դրանով է պայմանավորված այդ երկրում կենտրոն բացելու մասին մեր որոշումը: Հետագայում մենք նաև կդիտարկենք սպասարկման և վերանորոգման համար այդ կենտրոնը վերազինելու հնարավորությունը: Համապատասխան բանակցություններն արդեն տարվում են»,- հայտարարել է Չեչիկովը համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում: