Սամվել Բալասանյանը հերքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրերը

12:35 • 27.09.16

Գյումրու քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Բալասանյանը հերքել է լրատվամիջոցներից մեկում տարածված հայտարարությունը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունից: 

«Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակաշառք բաժանել: Ծիծաղելի այս հերյուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում: 

Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու: Գյումրու քաղաքապետ լինելու այս 4 տարիների ընթացքում քաղաքին տվել եմ ինչ կարողացել եմ ու ձեռք եմ բերել հպարտություն, և հիմա հպարտորեն գնում եմ ընտրությունների, իսկ իմ արածի ու չարածի դատավորը գյումրեցին է»,- ասվում է Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում: