Մահմուդ Ահմադինեժադը չի պատրաստվում մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին

16:25 • 27.09.16

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի 2017 թվականի մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված բաց նամակում, որի տեքստը երեքշաբթի տարածել են իրանական լրատվական գործակալությունները:

 

Այաթոլլահ Խամենեին ավելի վաղ հայտնել է, որ աննպատակահարմար է համարում առաջիկա ընտրություններին Ահմադինեժադի մասնակցությունը:

 

«Ինձ մոտ մի մարդ եկավ խորհրդի համար: Ես նրան խորհուրդ չտվեցի մասնակցել ընտրություններին: Ընդ որում՝ ես չասացի, որ նա չմասնակցի, ես ասացի, որ դա անտրամաբանական է և աննպատակահարմար»,- հայտարարել է հոգևոր առաջնորդը:

 

Նա չի նշել կոնկրետ Ահմադինեժադի անունը, բայց ակնհայտ է եղել, որ խոսքը հենց նրա մասին է: Խամենեիի կարծիքով՝ այդ քաղաքական գործչի մասնակցությունը նախընտրական արշավին «հասարակությունը կբաժանի երկու հակադիր բևեռի, ինչը չի նպաստում երկրի շահերին»: