ԱՄՆ-ում 25-ամյա երիտասարդին դատապարտել են 30 տարվա ազատազրկման՝ ԻՊ-ի հետ կապերի համար
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Անա քաղաքում դաշնային շրջանային դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն, որը փորձել է միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է Reuters-ը:
Քննության տվյալներով՝ ԱՄՆ-ում ծնված 25-ամյա Նադեր Էլհուզաուելը ձերբակալվել է Լոս Անջելեսի օդանավակայանում 2015 թվականի մայիսի 21-ին Թուրքիա թռչելու փորձի ժամանակ, որտեղից էլ մտադիր էր հասնել Սիրիա: Դատախազի խոսքով՝ տղամարդը բանկային խարդախության էր դիմել տոմսը վճարելու համար:
Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն՝ իր հետ նա ունեցել է ԻՊ-ի իրականացրած սպանությունների լուսանկարներով, ինչպես նաև Պենտագոնի աշխատակիցների անուններով և հասցեներով տեղեկությունների պահպանման սարք: Բացի այդ, քննիչները հայտնաբերել են տեսանյութ, որտեղ տղամարդը հավատարմության երդում է տալիս «Իսլամական պետությանը»:
Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում եղել է ավելի քան 70 ապացուցված դեպք, երբ երկրի բնակիչները փորձել են միանալ ԻՊ-ին: Նշվում է, որ կասկածյալների մեծ մասն ի վերջո մեղավոր է ճանաչվել:










