Մոսկվան չի շտապի Անկարայի համար վիզաների չեղարկման հարցում. Թուրքիայում ՌԴ դեսպան
Մոսկվան չի շտապի Անկարայի համար վիզաների չեղարկման հարցում, դա հնարավոր չէ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում: Այդ մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիայում արտակարգ դրություն է գործում: Այդ պայմաններում վերադառնալ առանց վիզայի ռեժիմի, հավանաբար, մենք չենք կարողանա: Չի կարելի մեկ օրվա ընթացքում վերադառնալ անցած տարվա նոյեմբերի 24-ից առաջ եղած հարաբերություններին: Դա աստիճանական գործընթաց է, եկեք չշտապենք: Թուրքիայի չորս քաղաքներում գործում են մեր հյուպատոսությունները, վիզայի կենտրոնները, վիզա ստանալը դժվար գործընթաց չէ»,- հայտարարել է Կարլովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։










