Սաուդյան Արաբիայում կանայք պահանջում են չեղարկել տղամարդկանց կողմից խնամակալությունը
Սաուդյան Արաբիայում ավելի քան 14.000 կին ստորագրել է խնդրագիրը՝ պահանջելով չեղարկել այն նորմը, որի համաձայն՝ կինը չի կարող մի շարք գործողություններ կատարել առանց արական սեռի խնամակալի թույլտվության կամ ուղեկցության:
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, փաստաթուղթն այժմ հանձնվել է կառավարության ուսումնասիրությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործող ավանդույթի համաձայն՝ կինն իրավասու չէ ամուսնանալ կամ ամուսնալուծվել, կրթություն ստանալ, աշխատանքի տեղավորվել, արտասահման գնալ առանց տղամարդ խնամակալի համաձայնության: Սովորաբար, որպես խնամակալ է նշանակվում ամուսինը, հայրը կամ եղբայրը: Նշվում է, որ առանց խնամակալի թույլտվության կինը չի կարող անգամ վիրահատություն իրականացնել կամ տուն վարձել:
Հայտնի է, որ տվյալ նորմի չեղարկման հարցով երկրում ընթանում է լուրջ արշավ՝ ակտիվիստների մոտ հույս առաջացնելով առ այն, որ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի: Ակտիվիստները պահանջում են, որ 18 կամ 21 տարեկանը լրանալուց հետո շրջապատը սկսի կանանց վերաբերվել որպես հասուն մարդկանց:










