ՀՀԿ-ն և՛ հնի, և՛ նորի տերն է, իսկ մենք բարեփոխումների փուլում ենք, ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության. Է. Շարմազանով
Մենք բարեփոխումների փուլում ենք, այլ ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել. ԱԺ արտահերթ նիստում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հայտարարեց՝ ՀՀԿ-ն և հնի, և նորի տերն է:
«Իշխանությունը Հանրապետականն է։ Սա ով լավ չգիտի, տեղեկացնում եմ՝ և՛ հին կառավարության, և՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, որ հին կառավարությունը վատ է աշխատել, այնպես չէ, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք է հիմա գանք, սրբենք ամբողջն ու նորից ստեղծենք: Կա շարունակականություն, կա նոր մոտեցման խնդիր, կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր»,-ընդգծեց նա:
Ըստ Շարմազանովի՝ պետք չէ խորհրդարանի դահլիճում կատու փնտրել այնտեղ, որտեղ չկա. «Մանավանդ եթե այդ կատուն ձեր ուսերին է: Կրկնում եմ՝ այո, բազում լավ նախաձեռնություններ եղել են, որ մենք պետք է շարունակենք: 99 թվականից այս կողմ բոլոր կառավարությունների քաղաքական ծրագրերի պատասխանատուները մենք ենք, «Հանրապետականը» պատասխանատու ուժ է»:
Ըստ նրա՝ բարեփոխումների տեմպով պետք է առաջ շարժվել, սակայն պետք չէ ռուբիկոններ գծել ու ասել՝ ես Ռուբիկոնի այս ափին եմ, մյուսն՝ այն. «Ռուբիկոնները մենք վաղուց արդեն անցել ենք 91 թվականի սեպտեմբերի 21-ին»,-հավելեց նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ հին ու լավ մոտեցումները պետք է շարունակվեն, իսկ նորերը կան ու կլինեն:










