Մի ոչխարի պատճառով գնում եմ տնից․Եղիպատրուշ գյուղի բնակչուհին հեռանալուց առաջ գրություն է թողել

15:54 • 28.09.16

Գնում եմ տնից՝ մի ոչխարի պատճառով․սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Արագածոտնի մարզի  Եղիպատրուշ գյուղի բնակչուհին, որը տնից դուրս էր եկել և չէր վերադարձել,  այսպիսի գրությամբ թուղթ էր թողել պատուհանագոգին:

Այդ մասին Tert.am-ին պատմեց Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը՝ նշելով, որ երևի ինչ-որ մեկին է ակնարկել «ոչխար» ասելով, բայց թե ում՝ նա չգիտեր: Գյուղապետը նշեց, որ ասում են՝ զանգել են անհետացող կնոջը, նա դուրս է եկել.  «Ասում են, թե Էջմիածնի կողմերը գտել են, բայց քանի դեռ ոստիկանությունը չի հայտնել այդ մասին, հաստատ չենք կարող ասել»:

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ Եղիպատրուշի բնակչուհուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ  ավելի  վաղ Tert.am-ի հետ զրույցում Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանն ասել էր, որ գյուղում կնոջ անհետացման տարբեր վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ երիտասարդ կինը գնացել է ինչ-որ տղամարդու հետ:

Ըստ գյուղապետի՝ կինն ամուսնացած է, ունի 1.5 տարեկան երեխա, ամուսինը Աֆղանստանում ծառայության մեջ է որպես խաղաղարար:

Գյուղապետը, պատասխանելով հարցին, թե 1,5 տարեկան երեխային կինը տանը մենա՞կ է թողել, պատմել է, որ տանը նաև սկեսուր կա:

Հաղորդել էինք նաև, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ն դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նշենք, որ դեպքի վայրում են ոստիկանությունն ու ԱԻՆ աշխատակիցները: