Ռուսաստանին խնդրել են գործողություն սկսել Լիբիայում. «Իզվեստիա»

10:36 • 28.09.16

Լիբիայի խորհրդարանին հավատարիմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ խնդրելով զենք մատակարարել և ռազմական գործողություն սկսել երկրում: Այդ մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներին մոտ աղբյուրի:

 

Այս դիմումը Մոսկվա է բերել Հաֆթարի հատուկ պատվիրակ, Սաուդյան Արաբիայում Լիբիայի դեսպան Աբդել Բասեթ ալ Բադրին:

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մերձավոր Արևելքի հարցով ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էմբարգոյի չեղարկման և Լիբիա հրազենի և ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ինքնաթիռների մատակարարման հարցը:

 

Բացի այդ, լիբիական կողմը, ինչպես պնդում է «Իզվեստիա»-ն, կոչ է արել Ռուսաստանին Լիբիայում ռազմական գործողություն սկսել իսլամիստների դեմ՝ Սիրիայում իրականացվող գործողության նման: