Delta Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ Samsung ընկերության այրված պլանշետի պատճառով
Ամերիկյան Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայանում՝ Samsung ընկերության այրված պլանշետի պատճառով, գրում է The Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դետրոյթից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռում: Օդաչուները հարկադիր վայրէջքի մասին որոշում են կայացրել՝ ինքնաթիռում առաջացած ծխի պատճառով: Վայրէջքից հետո ինքնաթիռ են մտել անվտանգության ծառայությունների աշխատակիցները, որոնք գտել են սարքը:
Պարզվել է, որ հատակին ընկած պլանշետը սեղմվել է նստարանի տակ, ինչի պատճառով էլ այն այրվել է:
Երեք ժամ անց ինքնաթիռն ուղևորվել է Նիդեռլանդներ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այդ միջադեպից հետո Delta Airlines-ի որոշ չվերթների ուղևորներ հայտնել են, որ բորտուղեկցորդները սկսել են դիմել իրենց՝ խնդրելով անջատել Samsung-ի սարքերը: Այժմ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հետաքննում է միջադեպը:










