Այնպես չէ, որ լուսնի վրա էինք, նոր վարչապետը եկավ, իմացանք. ՀՀԿ խոսնակը «պրիմիտիվ գողության» մասին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում պատասխանեց Tert.am-ի հարցին, թե պրիմիտիվ գողության մասին նոր վարչապետ Կարոն Կարապետյանի հայտարարությունը հնարավո՞ր է` ակնարկ էր նախկին կառավարությանը, որը վերջինս չի կարողացել դա վերացնել:
«Ցանկացած երկիր իդեալական չէ, որ արատավոր երևույթներն ամբողջությամբ վերանան: Պարզապես, իմ կարծիքով, վարչապետ Կարապետյանի հայտարարությունն ուղղված է եղել ապագային, որ ավելի արդյունավետ աշխատենք, ավելի հետևողական աշխատենք: Իսկ ինչ վերաբերում է նախկին կառավարություններին՝ և՛ նախկինի, և՛ նորի քաղաքական պատասխանատուն մենք ենք: Եվ այո, մենք մինչև Կարապետյանին վարչապետ նշանակելը խոսել ենք արատավոր երևույթների մասին: Եթե չլինեին արատավոր երևույթներ, եթե չլիներ կոռուպցիա, ապա դժվար թե կարիք լիներ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծել: Էնպես որ, ես չեմ կարծում, որ պետք է մեծ փուչիկ փչել և սենսացիաներ անել: Վարչապետը խոսել է փիլիսոփայության մասին: Էն որ գողություններ եղել են, էն որ բացթողումներ եղել են, ինչպես նաև բազում ձեռքբերումներ և առավելություններ, դա նոր չէ և այսօր չէ, որ մենք իմացանք: Այնպես չէ, որ մենք լուսնի վրա էինք, Հայաստանը իդեալական երկիր էր, և հենց նոր վարչապետը եկավ, նոր իմացանք: Պարզապես որպես կառավարության ղեկավար հանձնարարականներ է իջեցրել ավելի արդյունավետ աշխատելու և կարծում եմ, որ պետք չէ Կարապետյանի հայտարարությունն այդպես սվիններով ընդունել»,-ասաց Է. Շարմազանովը։
Դիտարկմանը, թե փաստ է նաև, որ պրիմիտիվ գողերը հանրությանը հայտնի չեն ու նրանք կարծես թե պատասխան չեն տվել, ՀՀԿ խոսնակն ասաց. «Չեմ կարծում: Եթե դուք ուշադիր լինեք, ապա գոնե վերջին 10 տարում պաշտոնյաներ կան, ովքեր չարաշահումների համար կամ պաշտոնից հրաժարվել են կամ հեռացվել են։ Նաև եղել են մարդիկ, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում այդ չարաշահումների համար քրեական պատասխանատվության են ենթարկվել»։
Այսօր խոսք է գնում պաշտպանության նախարարի և մի շարք մարզպետերի փոփոխության մասին, սակայն ՀՀԿ խոսնակը հրաժարվեց այդ հարցին պատասխանել՝ հայտարարելով, որ որոշումները ժամանակից շուտ հրապարակման ենթակա չեն:










