«Վրաստանը վրացիների համար». Թբիլիսիի կենտրոնում ձերբակալվել է ազգայնական երթի 11 մասնակից

11:53 • 28.09.16

Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները ցրել են «Վրացական ուժ» ազգայնական շարժման երթի մասնակիցներին և ձերբակալել են 11 մարդու՝ խուլիգանության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, չարտոնված ցույցի մասնակիցներն իրենց ագրեսիվ են պահել, վիրավորել են անցորդներին և վնասել են խանութների նշանները և գովազդային պաստառները։

 

Netgazeti.ge կայքի հաղորդմամբ՝ ցույցին լսվել են «Վրաստանը վրացիների համար» կոչեր և Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքացիների հասցեին վիրավորանքներ: Հաղորդվում է, որ նրանք անցել են թուրքերենով արված բաներների վրայով Դավիթ Աղմաշենեբելու պողոտայով:

 

Փաստի առթիվ ՆԳՆ-ում քրեական գործ է հարուցվել:

 

«Վրացական ուժ» կազմակերպությունն ազգայնական գաղափարների է հարում և հանդես է գալիս խորհրդային ժառանգության դեմ և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միացման օգտին: